Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:

Հացի մասին

Հաց բառը առաջացել է եփել, թխել արմատից:

Հացը ալյուրից թխած ամենօրյա ուտելիք է: Խմորը պատրաստում են ալյուրով, ջրով ու աղով, երբեմն ավելացնելով շաքար, յուղ, կաթ և այլ մթերքներ։

Հիմնականում օգտագործվում է ցորենի, աշորայի, եգիպտացորենի և գարու ալյուրը։ Հաց ստանալու համար պատրաստի խմորը թխում են, սակայն կան հացի տարբեր տեսակներ, որոնց խմորը տապակում են, շոգեխաշում, անձեթ թավայի վրա օդ թռցնելով տապակում են։

Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռևս երեսուն հազար (30 000) տարի առաջ։

Հայաստանում տարածված հացատեսակներից են կրկենին, լոշը, լիպոշը, բոքոնը, մատնաքաշը, բաղարջը, լավաշը, խորիս հացը։

Լավաշի մասին

Հայաստանում լավաշ հացը հայտնի էր դեռ ավելի քանի երեք հազար տարի առաջ: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որտեղ լավաշ էին թխում:

Լավաշը նուրբ, երկար, մինչև 70 սմ օվալաձև հաց է: Լավաշը իսկական հայկական հաց է, այն թխում էին միմիայն հայ կանայք: Այն թխում են թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև փոսում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:

Ահա թե ինչպես են թխում լավաշը: Նախ գրտնակում են խմորի գնդերը, դարձնում բարակ խմորի թերթեր և գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է:

Լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է, այն կարելի է պահել ավելի քան մեկ տարի: Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով: